Wednesday, July 24, 2013

Զգուշացե՛ք. ժամակերիկներ

Հոգնուկ
  Գունատ է, փնթփնթան, աչքերը միշտ կիսափակ են: Հոգնուկը վրա է տալիս բակում կամ համակարգչով երկար խաղալուց հետո:

  Այս ժամակերիկի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ են տաք շոկոլադը կամ կարճատև քունը: Երկու դեպքում էլ Հոգնուկը արագ նահանջում է:
 Ալարուկ

  Դանդաղաշարժ է, գզգզված մազերով, փնթի: Վախենում է մարզանքից ու սառը ջրից: Ամենահամառ ժամակերիկն է, կարող է հայտնվել օրվա ցանկացած պահի, մի քանի անգամ: Բարդուկի ընկերն է:


Տխրուկ
        Եթե դու վատ գնահատական ես ստացել, վիճել ես ընկերոջդ հետ կամ կորցրել ես սիրելի գրիչդ, զգոն եղիր: Շատ հավանական է, որ Տխրուկն այցելի հենց քեզ: Նա հոնքերը կիտած, մռայլ ժամակերիկ է, որը երբեք չի ժպտում: Գլխապատառ փախչում է, երբ իր ներկայությամբ դիտում են զվարճալի ֆիլմեր կամ ծիծաղելի պատմություններ պատմում: 

Բարդուկ
  Այս ժամակերիկը գրեթե միշտ հայտնվում է Ալարուկի հետ: Շատ է սիրում դժվար խնդիրներ ու գլուխկոտրուկներ: Ակնոց և փողկապ է կրում: Բարդուկին հնարավոր չէ հաղթել միանգամից: Նրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ են լավ գիտելիքներ:
Պատահուկ
 Ժամակերիկներից ամենաչարաճճին է ու ամենավտանգավորը: Սովորաբար հարձակվում է առանց զգուշացնելու: Պայքարի արդյունավետ միջոցներ են սառնասրտությունը և հնարամտությունը: Նկարելիս կոտրվեց մատի՞տդ, կամ խաղալիս անջատվեց համակարգի՞չը, իմացիր՝ անկարգ Պատահուկի գործերն են: 



    Երևի արդեն գլխի ես ընկել, որ այս փոքրիկ, վնասակար արարածները սնվում են ժամանակով: Ուրիշ բաներ էլ են, իհարկե ուտում, բայց ժամանակի համար ուղղակի խելքն իրենցը չի: 
    Ասում են, որ վաղուց, շա՜տ վաղուց, ժամակերիկները թափառել են աշխարհով մեկ ու կերել մարդկանց ժամանակը: Օրերից մի օր նրանց որսացել է Իմաստուն Ժամապահը: Նա ժամակերիկներին փակել է Հին Ժամացույցի մեջ և արգելել է նրանց գողություն անել՝ ստամոքսները լցնելու համար: Ասում են՝ ժամակերիկներն այն ժամանակ սովորել են մակարոն ու հավով ապուր ուտել:
    Անցել են օրեր ու տարիներ, Իմաստուն Ժամապահը ծերացել է, դարձել Մոռացկոտ Ժամապահ, անցել թոշակի ու տեղափոխվել Ֆլանդրիա՝ թոռնիկների մոտ: Եվ քանի որ նա արդեն Մոռացկոտ Ժամապահ էր, տեղափոխվելուց առաջ մոռացել է փակել Հին Ժամացույցի դուռը:
    Դե, ժամակերիկներն էլ փախել են ու նորից սկսել խժռել մարդկանց ժամանակը: Նրանք հայտնվում են ամենաանսպասելի պահերին ու անպատիժ գողանում րոպեներ, ժամեր, երբեմն նույնիսկ՝ օրեր ու ամիսներ:
    Նրանց դեմ պայքար չկար, և արդյունքում մարդիկ այնքան քիչ ժամանակ ունեցան, որ ոչինչ այլևս չէին հասցնում: Եվ միայն մի երեխա հասկացավ ինչպես պայքարել: Նա ընդամենը ծրագրեց իր ժամանակը: Այսինքն՝ մի թուղթ վերցրեց և հերթով սկսեց գրել, թե ինչը երբ է անելու: Իսկ ժամակերիկներն ահավոր վախենում են այն երեխաներից, ովքեր միշտ նախօրոք գիտեն,  թե ինչ են անելու:
     Իհարկե, նրանց լիովին հաղթել հնարավոր չէ: Օրինակ երբ այդ երեխան իր ժամանակացույցն էր գրում, Պատահուկն եկավ ու այնպես արեց, որ նրա գրիչի թանաքը վերջանա: Բայց երեխան այնքան գրիչներ ուներ, որ դա նրան չխանգարեց ավարտել իր ցուցակը:
     Ասում են, երբ բոլոր մարդիկ սկսեն ծրագրել իրենց օրը, ժամակերիկները նորից կվերադառնան Հին Ժամացույցի մեջ: Եթե դու արդեն այդպես ես անում, հորդորիր ընկերներիդ, որ իրենք էլ ծրագրեն իրենց ժամանակը, միայն այդպես բոլորով կհաղթենք չարաճճի ժամակերիկներին:

հեքիաթի հեղինակ՝ Եվա Մարտիրոսյան
նկարազարդումը՝ [ili] Altunyan Lilit (Lilie)

No comments:

Post a Comment