Showing posts with label գրադարան. Show all posts
Showing posts with label գրադարան. Show all posts

Monday, October 21, 2013

Ալիսայի մասին, ում հետ միշտ ինչ-որ բան էր պատահում

Այս հեքիաթը Ալիսայի մասին է , ոմ հետ միշտ ինչ-որ բան էր պատահում: Օրինակ, փնտրում է նրան պապիկը, որ գնան այգի ման գալու:

 -Ալիսա՜, որտե՞ղ ես, Ալիսա՛:

 -Այստեղ եմ, պապի՜կ:

 -Այստե՞ղ, որտե՞ղ:

-Զարթուցիչի մեջ:

            Ալիսան չխաբեց պապիկին: Ահա, թե ինչպես էր դա պատահել: Բացել էր Ալիսան զարթուցիչի հետևի պատուհանը (ախր շատ էր ուզում տեսնել՝ ներսում ինչ կա) , ու ակնթարթորեն հայտնվել էր ուղիղ մեխանիզմի մեջ, զսպանակների ու ատամնանիվների արանքում: Իսկ նրանք հո տեղում կանգնած չէին, շարժվում էին: Ստիպված Ալիսան սկսել էր թռվռալ այս ու այն կողմ, որ չընկնի ատամնանիվների արանքը, որոնք ոչ մի վարկյան չէին լռում. անընդհատ կրկնում էին՝  «թիկ-թոկ, թիկ-թոկ»:

     Իսկ մեկ ուրիշ անգամ պապիկը փնտրում էր Ալիսային, որ միասին նախաճաշեն:
 -Ալիսա~, որտե՞ղ ես, Ալիսա՛:
-Այստեղ եմ, պապի՜կ:
-Այստեղ, որտե՞ղ:

 -Այստեղ՝ շշի մեջ:
 -Ինչպե՞ս հայտնվեցիր այդտեղ:
 -Ես խմել էի ուզում, ու հենց նայեցի անցքից ներս…
Ու իհարկե նա հայտվել էր շշի մեջ և փորձում էր լողալ, որ չխեղդվի: Լավ է, գոնե Ալիսային ամառը տարել եին Սպերլոն, և  նա այնտեղ  շնալող էր սովորել:
  -Մի քիչ սպասի՛ր, հիմա ես քեզ կհանեմ,- ասաց պապիկը:
 Նա շշի մեջ թել իջեցրեց: Ալիսան բռնեց թելից, հեշտությամբ քաշեց իրեն և դուրս եկավ շշից: Այդ ժամանակ միայն նա հասկացավ, թե ինչ լավ է, որ մարմնամարզությամբ էր զբաղվել:
Իսկ մի անգամ Ալիսան ընդհանրապես կորավ: Փնտրում էր նրան պապիկը, փնտրում էր տատիկը, փնտրում էր նաև հարևանուհին, ով միշտ գալիս էր պապիկի համար թերթ կարդալու, որպեսզի ինքը չգնի այդ թերթը և խնայի քառասուն լիր:
   -Աստված իմ, ինչպիսի՜ փորձանք,- շշնջում էր վախեցած տատիկը:
    -Ի՞նչ կասեն մեզ նրա ծնողները, երբ վերադառնան աշխատանքից:
     -Ալիսա՜, Ալիսա՜, որտե՞ղ ես, Ալիսա՜:
  Միայն այս անգամ աղջիկը չէր պատասխանում, որովհետև չէր կարող պատասխանել: Ճանապարհորդելով խոհանոցում և ուր հնարաոր էր խոթելով իր հետաքրքրասեր քիթիկը՝ Ալիսան ընկել էր այն արկղի մեջ,  որտեղ միշտ պահվում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ընկել էր այնտեղ ու քնել՝  կարծես փափուկ անկողնում: Ինչ-որ մեկն էլ  փակել էր արկղը՝ չնկատելով Ալիսային: Եվ, իսկապես, ու՞մ մտքով կարող էր անցնել, որ նա այնտեղ է:
 Արթնանալով Ալիսան հայտնվեց կատարյալ մթության մեջ, սակայն ընդհանրապես չվախեցավ: Մի անգամ նա արդեն հայտնվել էր նման իրավիճակում, երբ ընկել էր ջրի ծորակի մեջ: Այ այնտեղ իսկապես մութ էր, թերևս ավելի մութ, քան արկղում:
«Շուտով երևի ընթրիքի սեղանը կպատրաստեն»,- մտածեց Ալիսան.- «և այդ ժամանակ կբացեն արկղը, որպեսզի սփռոց հանեն»: Բայց ո՞վ կարող էր մտածել ընթրիքի մասին, երբ Ալիսան կորել էր, իհարկե ոչ ոք:
     Աղջկա ծնողները եկան աշխատանքից և շատ զայրացան  պապիկի ու տատիկի վրա:
          -Ահա, թե ինչպես եք հետևում երեխային:

        -Մեր երեխաները չէին մտնում ջրի ծորակների մեջ,- ասաց պապիկը: 

           Տատիկն էլ ավելացրեց.
          - Մեր ժամանակ երեխաները մեկ-մեկ ընկնում էին անկողնուց, և եթե մի թեթև վնասում էին գլուխը,  դա այդքան էլ վախենալու չէր:

        Վերջապես Ալիսան հոգնեց սպասել, որ ինչ-որ մեկը կբացի արկղը: Մի կողմ հրելով սփռոցներն ու անձեռոցիկները՝ նա հասավ արկղի հատակին և սկսեց ոտքերով ուժեղ դոփել, այ այսպես.

            -Դըմփ, դըմփ, դըմփ:

          -Լռե՛ք,- ասաց հայրիկը.- իմ կարծիքով ինչ-որ տեղ թակում են:
             -Դըմփ, դըմփ, դըմփ,- շարունակում էր Ալիսան:
           Ինչպես էին բոլորը գրկում ու համբուրում  նրան, երբ վերջապես գտան: Իսկ Ալիսան չկորցրեց իրեն և միանգամից հայտնվեց հայրիկի բաճկոնի գրպանում: Իսկ երբ այնտեղից էլ նրան հանեցին, տեսան, որ կեղտոտվել է թանաքով, քանի որ գրպանում հասցրել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

հեղինակ՝ Ջանի Ռոդարի
թարգմանությունը՝ Գոռ Ենգոյանի

Monday, September 30, 2013

Օլին ու Քոլին


Հիմա կասեք, էլի սկսեց էս աղջիկը: Ախր, ո՞նց չսկսեմ: Եթե ձեր աչքի մեջ էլ փղեր ապրեին, դուք չէի՞ք սկսի: Ըհը՜, կարծես հետաքրքրեց, հը՞ն: Լա՜վ, լավ , կպատմեմ նրանց մասին:
Ուրեմն, մի օր ես հայտնաբերեցի, որ իմ աչքերի մեջ ինչ-որ կենդանիներ կան: Ես շատ պատահական դա հայտնաբերեցի: Ուղղակի մի օր զգացի, որ աչքիս մեջ ինչ-որ բան է մտել, ինչքան փորձեցի հանել, դուրս չեկավ, ավելի ճիշտ ինձ թվաց, թե դուրս եկավ, որովհետև, այլևս չէր ծակում: Սակայն այդպես չէր, որովհետև հաջորդ օրը կրկին սկսեց ծակել: Այ քեզ բան, այն էլ մի աչքը չի, այլ երկուսը, ճիշտ է , հերթականությամբ, մի օր մեկը, հետո մյուսը: Ես էլ դրած տրորում էի աչքերս , որ դուրս գան:
Մեկ էլ մի օր ձախ աչքս շատ սկսեց ծակել, տրորեցի, տրորեցի, չանցավ, էլի տրորեցի, էլի չանցավ, ջղայնացա, և հայելի բերեցի, որ տեսնեմ, թե ինչ է ընկել աչքիս մեջ, որ դուրս չի գալիս: Այդպես ես ծանոթացա Օլիի հետ: Օլին մի ժանիքանի փիղ էր, միայն ձախ ժանիքն էր , դրա համար էլ երևի ձախ աչքումս էր: Հա, մի զարմացեք, Օլին իմ ձախ աչքում էր ապրում, ու երբ տան մեջ (դե աչքիս մեջ, էլի) ման էր գալիս, քայլում էր, ասենք, գնում էր զուգարան, նա իր ժանիքով ծակում էր աչքս: Չէ, նա դիտմամբ չէր անում, այլ այդպես ստացվում էր: Օլին այն փղերից էր, որ լուրջ են լինում, մի մե՜ծ գրադարան ուներ աչքիս մեջ ու ամեն օր գրքեր էր կարդում, աշխատություններ էր գրում, մի խոսքով պրոֆեսոր փիղ էր:
Իսկ հետո, երբ Օլին տեսավ, որ ես նրան շատ լավ եմ վերաբերվում, բարի եմ և այլն, նա ծանոթացրեց իր փոքր եղբոր ` Քոլիի հետ, ով նույնպես մի ժանիքանի փիղ էր, և ապրում էր իմ աջ աչքում, որովհետև նրա աջ ժանիքը կար միայն: Քոլին Օլիի նման չէր, նա գրքեր չէր սիրում, այլ սիրում էր թղթից նավակներ պատրաստել ու արցունքներիս վրա քշել այդ նավակները: Քոլին շատ բարի էր և մեծ սիրտ ուներ, հա, այնքան մեծ, որ հազիվ էր տեղավորել կրծքի մեջ:
Ես մի օր հարցրեցի Քոլիին, թե որտեղի՞ց են նրանք եկել և ինչու՞ են հենց իմ աչքերի մեջ ապրում: Եվ Քոլին պատմեց, որ իրենց ցեղի փղերը ապրում են մարդկանց աչքերի մեջ, ու երբ լրանում է նրանց մի տարին, նրանք փնտրում են մարդկանց և տեղավորվում նրանց աչքերի մեջ: Իսկ թե ինչու հենց իմ, նա պատասխանեց, որ Օլին մեծ մարմին ունի և ամեն մեկի աչքերի մեջ չէր տեղավորվի, իսկ քանի որ ես կարճատես եմ, իմ աչքերի մեջ լիքը տեղ կար, դրա համար էլ եկել են ինձ մոտ (չգիտեմ՝ դա ինչ կապ ուներ):
Ես այնքան ընկերացա ու սիրեցի նրանց, որ ամեն անգամ , երբ աչքս ծակում է, չեմ տրորում, բա հո չեմ ճզմելու Օլիին կամ Քոլիին, այլ սպասում եմ, երբ նրանք կավարտեն իրենց գործերը և հանգիստ կնստեն, իսկ եթե երկար են ծակում, ասենք, Քոլլին որոշել է պարել այդ օրը, ես ուղղակի նրանց խնդրում եմ փոքր-ինչ արագացնել. չէ՞ որ դրանք իմ աչքերն են ամեն դեպքում, և ես իրավունք ունեմ նրանցից օգտվելու նույնքան, որքան իրենք:
Բա՜, զգույշ տրորեք ձեր աչքերը, գուցե դուք էլ ուրիշ փղերի եք տրորում:

Հեքիաթի աուդիո տարբերակը. 




հեքիաթի հեղինակ՝ Մանան
նկարազարդում՝ Մանանի
կարդում է՝ Մանանը



Thursday, September 19, 2013

Ցանկությունների կախարդական ծառը


    Արևի շողերն ընկնում էին այգու խորքում կանգնած ծառի վրա, քամին կամացուկ վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
    Ծառը կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կիրականանար:
    Ծառի կողքի տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաների ու աղջիկների:
    Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց. «Ուզում եմ, որ բոլոր իմ մոտերքում ապրող աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա»:
    Հենց որ նա այս բառերն ասաց, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվեցին Լուսնի վրա:
    Այնտեղ ցուրտ էր ու միայնակ, և որոշ փոքրիկներ սկսեցին լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:
     Հենց որ երեխաները գնացին Լուսին, ծառի վրայի բոլոր թռչունները դադարեցին երգել:
     Իսկ մի կեռնեխ նայեց պարոն Սմիթին ու ասաց. «Ես ուզում, եմ, որ նրանք բոլորը նորից վերադառնան»:
    Պարոն Քեդոգան Սմիթն ասաց. «Ուզում եմ, որ Լուսնին հայտնվեն»: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:
    Երեխաները գնալով ավելի ու ավելի էին շփոթվում, նրանք չէին հասկանում, թե որտեղ են` Երկրում, թե Լուսնի վրա:
    Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:
    Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյի, մենք հրուշակներ կուտենք ու նարնջի դոնդող ու լիմոնադ կխմենք թեյի հետ: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ և ոչ ոքի թույլ չեմ տա ինձ անվանել Ուիլիամ Քեդոգան Սմիթ, այլ միայն` Բիլ Սմիթ: Հեյ-հո՜, հեյ-հո՜»:
    Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

    Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի արանքով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:  


հեքիաթը՝ Դոնալդ Բիսեթի
թարգմանությունը՝ Եվա Մարտիրոսյանի

Friday, September 6, 2013

Բաբանաներով գիրքը

Երբ քայլում էր երկար փողոցով, միշտ հիշում էր 15/1 շենքի 3-րդ հարկի կապույտ վարագույրներով պատուհանի տղային: Նա էլ էր երկար փողոցի վրա ապրում. դե պատկերացրեք այդ փողոցում 17 հատ շենք կար, այ այդքան երկար էր: Այդ շենքի բոլոր պատուհանների վարագույրները սպիտակ էին, միայն նրանց տան վարագույրն էր կապույտ: Այ քեզ տարօրինակ բան, ով է տեսել կապույտ վարագույր:
Ինչևէ, այդ տարօրինակ տան մեջ ապրում էր մի տարօրինակ տղա: Նա միշտ կարճ տաբատով էր ու գծավոր գլխարկով: Բոլոր երեխաները գնդակ էին խաղում, իսկ նա միշտ մի մեծ գիրք գրկած էր իջնում բակ: Դա մի նկարազարդ գիրք էր բաբանաների մասին: Թե ովքեր էին բաբանաները, միայն նա գիտեր ու ոչ մեկին չէր ասում: Բայց բոլորը բակում գիտեին, որ նա հիմա բաբանաների նկարներ է նայում իր մեծ գրքում:
Մի օր բակի տղաները որոշեցին խլել նրանից գիրքը, որ տեսնեն, թե ովքեր են բաբանաները: Նրանք մոտեցան տղային, և տղաներից ամենաուժեղը ուղղակի վերցրեց նա ձեռքից այդ գիրքը: Բայց խլելու պահին, գիրքը կտոր-կտոր եղավ, բաժանվեց թերթերի: Այդ պահին ուժեղ քամի բարձրացավ և քշեց գրքի թերթերը, և բակի տղաներն այդպես էլ չիմացան, թե ովքեր են բաբանաները:
       Իսկ տղան այլևս բակ չէր իջնում. չէ՞ որ նա հատուկ իջնում էր, որ բաբանաներով լի գիրքը նայելու, իսկ հիմա գիրքը չկա:  Հետո տղայի ընտանիքը տեղափոխվեց այդ շենքից, իսկ վարագույրները փոխվեցին սպիտակներվ. բա ո՞վ է տեսել` վարագույրը կապույտ լինի:    

Հեքիաթի աուդիո տարբերակը.




հեքիաթի հեղինակ՝ Մանան
նկարազարդում՝ Մանանի
կարդում է՝ Մանանը

Friday, August 30, 2013

Երկար մազերով կրիան

Մեծ կրիաների աշխարհում ապրում էր երկար մազերով կրիան: Դա շատ վաղուց էր,  երբ կրիաները մազեր ունեին: Երկար մազերով կրիան ամեն առավոտ սանրում էր իր մազերը, հետո կապում և դուրս էր գալիս բնից մարզանք անելու: Նա առանց սանր չէր կարող (շատ կոկիկ կրիա էր):
Մի օր նա առավոտյան արթնացավ և չգտավ իր սանրը: Ախ, երևի երեկ պարոն Արագավազ կրիայի տուն հյուր գնալուց է կորցրել: Բա հիմա ինչ է անելու: Նա կրկին անցավ նույն ճանապարհը դեպի պարոն Արագավազ կրիայի տուն` ուշադիր զննելով գետինը: Սակայն այդպես էլ չգտավ իր միակ և սիրելի սանրը:
Այդպես կրիան տխրեց և որոշեց այլևս դուրս չգալ իր բնից: Բա չսանրված մազերով հո դուրս չէ՞ր գալու: Այդպես անցավ ևս երկու օր:
Եվ կրիաները որոշեցին օգնել իրենց ընկերոջը: Բոլորով հավաքվեցին ու գնացին կորած իրերի խանութ,  սանրը հաստատ արդեն այնտեղ է: Եվ այդպես էլ պարզվեց, սանրը այնտեղ էր, սակայն այն պետք էր գնել: Խանութի տերը, սակայն, երբեք փողով չէր վաճառում ոչինչ: Նա փողի տեղը մի աման սև հաղարջ ուզեց: Բայց որտեղից ձմռանը հաղա~րջ:
Միայն մի հոգի իր մոտ հաղարջ ուներ, այն էլ մուրաբայի տեսքով: Մի քիչ համոզելուց հետո խանութի տերը տեղի տվեց և համաձայնվեց մուրաբայի դիմաց վաճառել սանրը:

Երկար մազերով կրիան շատ էր ուրախացել և կրկին ամեն առավոտ սանրում էր մազերը և դուրս գալիս մարզանքի:

հեքիաթի հեղինակ՝ Մանան
նկարազարդումը՝ Մանանի

Friday, August 16, 2013

Ծարավ կոկորդիլոսը

Կլոր-կլոր աշխարհում ապրում էր բարի Կոկորդիլոսը: Նա այն կոկորդիլոսներից չէր, որ ձեռքերը կարճ են և չեն կարողանում ատամները մաքրել, ոչ: Նա երկար ձեռքեր ուներ, համ ատամներն էր ամեն առավոտ մաքրում, համ էլ հորանջելուց բերանն էր կարողանում փակել:
Բայց Կոկորդիլոսը միշտ ծարավ էր ու ուզում էր ջուր խմել: Իսկ լիճը նրա տնից հեռու էր. ամեն անգամ պետք է երկար քայլեր: Ու որպեսզի ճանապարհը շատ երկար չթվար, նա հաշվում էր ճամփեզրի քարերը «մեկ, երկու, երեք, ...,  վաթսունմեկ, ..., հարյուր տասնհինգ և այլն: Ու ամեն անգամ մոռանում էր, թե երեկ ինչ թիվ էր ստացել:
Ու նա որոշեց գրառումներ անել: Ամեն օր հաշված քարերի քանակը գրում էր թղթի վրա: Իսկ շաբաթվա վերջում համեմատում էր, թե քանի անգամ է նույն թիվը ստացել: Կոկորդիլոսն այնքան էր տարվել իր հաշվարկներով, որ արդեն հաճույքով էր գնում այդ երկար-երկար ճանապարհը` ջուր խմելու:
Ու մի օր նա ցերեկը կրկին ծարավեց: Ախր այդպես չի լինում: Սովորաբար, երբ առավոտյան ջուր է խմում, մեկ էլ երեկոյան է ծարավում: Ու միայն երեկոյան ջրի գնալուց նոր հիշեց, որ առավոտյան այնքան է տարված եղել քար հաշվելով, որ մոռացել է ջուր խմել և ծարավ հետ է վերադարձել:


Բա~, այդքան ուժեղ էր տարվել Կոկորդիլոսը:

Հեքիաթի աուդիո տարբերակը. 


հեքիաթի հեղինակ՝ Մանան
նկարազարդումը՝ Մանանի
կարդում է՝ Մանանը


Saturday, August 10, 2013

Կենդանաբանական այգում

Դու եղե՞լ ես կենդանաբանական այգում:
Եղել եմ:
- Առյուծին տեսա՞ր:
- Կնճիթո՞վ:
- Չէ, կնճիթովը փիղն է, առյուծն ուրիշ է:
- Ա~, երկու սապատով:
- Չէ´, վա´յ: Բաշո´վ:
- Հա~: Հա, լավ, հասկացա, բաշով, ու սենց կտուցով:
- Այ մարդ, ի՞նչ կտուց: Ժանիքներով:
- Դե հա, ժանիքներով ու թևերով:
- Չէ, դա առյուծ չէ:
- Բա ո՞վ է:
- Դա չգիտեմ: Առյուծը դեղին է:
- Դե հա, դեղին, համարյա մոխրագույն:
- Չէ, ավելի շուտ` համարյա կարմիր:
- Հա, հա, հա, պոչով:
- Դե հա, պոչով ու ճանկերով:
- Գիտե´մ: Ճանկերն էլ` թանաքամանի չափ:
- Դրանից ի՞նչ առյուծ: Ավելի շուտ` մու´կ է:
- Ի՞նչ ես խոսում: Մուկը թևերով չի լինում:
- Բայց սա թևերո՞վ է:
- Դե հա´:
- Ուրեմն` թռչուն է:
- Տե՞ս, տե´ս: Ես էլ եմ մտածում, որ թռչուն է:
- Ես քեզ առյուծի մասին էի ասում:
- Ես էլ` առյուծ-թռչունի:
- Ախր, առյուծը թռչու՞ն է:
- Ինձ թվում է` թռչուն է: Մեկ էլ անընդհատ ճռվողում է` «Տիրլի-տիրլի, ծյուծ, ծյուծ, ծյուծ»:
- Մի րոպե´: Մոխրագույն ու դեղի՞ն:
- Այո-այո, մոխրագույն ու դեղին:
- Կլոր գլխիկո՞վ:
- Հա, կլոր գլխիկով:
- Ու թռչու՞մ է:
- Ըհը, թռչում է:
- Ուրեմն տես, թե ինչ կասեմ. տարինոս է:
- Դե իհա´րկե: Ճի´շտ է, տարինոս է:
- Իսկ ես առյուծից էի հարցնում:

- Դե, առյուծ չեմ տեսել: 

Դանիիլ Հարմս
թարգմանությունը՝ Եվա Մարտիրոսյանի
նկարազարդումը՝ Մանանի

Friday, August 2, 2013

Խաղալի՞ք, թե՞ իսկական

Մի օր խաղալիք ընձուղտը հայտնվեց Աֆրիկայում: Նրան այդտեղ մի աֆրիկացի փոքրիկ տղա էր տարել: Այդքան տարօրինակ կենդանի խաղալիք ընձուղտն առաջին անգամ էր տեսնում. մե~ծ ականջներ, երկար քիթ, սուր ատամներ, գծեր, պուտեր ու գզգզված մազեր:
Այդ տարօրինակ բաները տեսնելուց հետո ուղղակի երջանկություն էր տեսնել իր նման երկար վիզ, շագանակագույն պուտեր, կարճ ոտիկներ: Կարծես նույն խաղալիք ընձուղտը լիներ,  ուղղակի շա~տ մեծ:
-Բարև Ձեզ, Դուք խաղալիք ընձուղտ եք, չէ՞,- հարցրեց նա այդ մեծ կենդանուն:
-Այո, ես ընձուղտ եմ, բայց խաղալիք չէ` իսկական,- պատասխանեց նա:
-Իսկակա՞ն: Այդ ինչպե՞ս,- զարմացավ խաղալիքը:
-Այդպես, ես շնչում եմ, իսկ դու` ոչ, ես խոտ եմ ուտում, իսկ դու` ոչ, քո մեջ բամբակ է, իսկ իմ մեջ միս ու ոսկոր,- փորձեց բացատրել իսկական ընձուղտը:
-Հա~, հասկացա, բա ինչու՞ եք այդքան մեծ:
-Որ ծառի բարձր ճյուղերից համեղ տերևներ ուտեմ: Ասեցի չէ, մենք տերև ենք ուտում: Ուզու՞մ ես հյուրասիրեմ:
-Չէ, շնորհակալություն, ես տերև չեմ ուտում: Խաղալիքներն առհասարակ չեն ուտում, մանավանդ փափուկները,- ասաց խաղալիքը:
Այստեղ լսվեց աֆրիկացի տղայի լացը: Նա մտածում էր, թե կորցրել է իր խաղալիքը:
-Լավ, ես գնամ տղայի մոտ, նա արդեն անհանգստանում է, մենք կրկին կհանդիպենք, չէ՞,- հարցրեց խաղալիք ընձուղտը:
-Իհարկե կհանդիպենք,- ժպտաց իսկական ընձուղտը:
-Ցտեսությու~ն:

հեքիաթի հեղինակ՝ Մանան
նկարազարդումը՝ Մանանի


Wednesday, July 24, 2013

Զգուշացե՛ք. ժամակերիկներ

Հոգնուկ
  Գունատ է, փնթփնթան, աչքերը միշտ կիսափակ են: Հոգնուկը վրա է տալիս բակում կամ համակարգչով երկար խաղալուց հետո:

  Այս ժամակերիկի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ են տաք շոկոլադը կամ կարճատև քունը: Երկու դեպքում էլ Հոգնուկը արագ նահանջում է:
 Ալարուկ

  Դանդաղաշարժ է, գզգզված մազերով, փնթի: Վախենում է մարզանքից ու սառը ջրից: Ամենահամառ ժամակերիկն է, կարող է հայտնվել օրվա ցանկացած պահի, մի քանի անգամ: Բարդուկի ընկերն է:


Տխրուկ
        Եթե դու վատ գնահատական ես ստացել, վիճել ես ընկերոջդ հետ կամ կորցրել ես սիրելի գրիչդ, զգոն եղիր: Շատ հավանական է, որ Տխրուկն այցելի հենց քեզ: Նա հոնքերը կիտած, մռայլ ժամակերիկ է, որը երբեք չի ժպտում: Գլխապատառ փախչում է, երբ իր ներկայությամբ դիտում են զվարճալի ֆիլմեր կամ ծիծաղելի պատմություններ պատմում: 

Բարդուկ
  Այս ժամակերիկը գրեթե միշտ հայտնվում է Ալարուկի հետ: Շատ է սիրում դժվար խնդիրներ ու գլուխկոտրուկներ: Ակնոց և փողկապ է կրում: Բարդուկին հնարավոր չէ հաղթել միանգամից: Նրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ են լավ գիտելիքներ:
Պատահուկ
 Ժամակերիկներից ամենաչարաճճին է ու ամենավտանգավորը: Սովորաբար հարձակվում է առանց զգուշացնելու: Պայքարի արդյունավետ միջոցներ են սառնասրտությունը և հնարամտությունը: Նկարելիս կոտրվեց մատի՞տդ, կամ խաղալիս անջատվեց համակարգի՞չը, իմացիր՝ անկարգ Պատահուկի գործերն են: 



    Երևի արդեն գլխի ես ընկել, որ այս փոքրիկ, վնասակար արարածները սնվում են ժամանակով: Ուրիշ բաներ էլ են, իհարկե ուտում, բայց ժամանակի համար ուղղակի խելքն իրենցը չի: 
    Ասում են, որ վաղուց, շա՜տ վաղուց, ժամակերիկները թափառել են աշխարհով մեկ ու կերել մարդկանց ժամանակը: Օրերից մի օր նրանց որսացել է Իմաստուն Ժամապահը: Նա ժամակերիկներին փակել է Հին Ժամացույցի մեջ և արգելել է նրանց գողություն անել՝ ստամոքսները լցնելու համար: Ասում են՝ ժամակերիկներն այն ժամանակ սովորել են մակարոն ու հավով ապուր ուտել:
    Անցել են օրեր ու տարիներ, Իմաստուն Ժամապահը ծերացել է, դարձել Մոռացկոտ Ժամապահ, անցել թոշակի ու տեղափոխվել Ֆլանդրիա՝ թոռնիկների մոտ: Եվ քանի որ նա արդեն Մոռացկոտ Ժամապահ էր, տեղափոխվելուց առաջ մոռացել է փակել Հին Ժամացույցի դուռը:
    Դե, ժամակերիկներն էլ փախել են ու նորից սկսել խժռել մարդկանց ժամանակը: Նրանք հայտնվում են ամենաանսպասելի պահերին ու անպատիժ գողանում րոպեներ, ժամեր, երբեմն նույնիսկ՝ օրեր ու ամիսներ:
    Նրանց դեմ պայքար չկար, և արդյունքում մարդիկ այնքան քիչ ժամանակ ունեցան, որ ոչինչ այլևս չէին հասցնում: Եվ միայն մի երեխա հասկացավ ինչպես պայքարել: Նա ընդամենը ծրագրեց իր ժամանակը: Այսինքն՝ մի թուղթ վերցրեց և հերթով սկսեց գրել, թե ինչը երբ է անելու: Իսկ ժամակերիկներն ահավոր վախենում են այն երեխաներից, ովքեր միշտ նախօրոք գիտեն,  թե ինչ են անելու:
     Իհարկե, նրանց լիովին հաղթել հնարավոր չէ: Օրինակ երբ այդ երեխան իր ժամանակացույցն էր գրում, Պատահուկն եկավ ու այնպես արեց, որ նրա գրիչի թանաքը վերջանա: Բայց երեխան այնքան գրիչներ ուներ, որ դա նրան չխանգարեց ավարտել իր ցուցակը:
     Ասում են, երբ բոլոր մարդիկ սկսեն ծրագրել իրենց օրը, ժամակերիկները նորից կվերադառնան Հին Ժամացույցի մեջ: Եթե դու արդեն այդպես ես անում, հորդորիր ընկերներիդ, որ իրենք էլ ծրագրեն իրենց ժամանակը, միայն այդպես բոլորով կհաղթենք չարաճճի ժամակերիկներին:

հեքիաթի հեղինակ՝ Եվա Մարտիրոսյան
նկարազարդումը՝ [ili] Altunyan Lilit (Lilie)

Friday, June 28, 2013

Ֆի, Ֆա ու Ֆե փղերը

Փոքրիկ աղջկա դարակում լիքը խաղալիքներ կային: Դրանցից հինգը փափուկ էին` երեք փիղ, մեկ արջուկ և ինչ-որ տարօրինակ կենդանի: Փղերը եղբայրներ էին: Աղջիկը նրանց անվանել էր  Ֆի, Ֆա ու Ֆե: Ֆին գլխարկ ուներ, Ֆան` շարֆ, իսկ Ֆեն` ակնոց:
 Այս փղերը խաղալիքների այն տեսակից էին, որ գիշերները կենդանանում են: Միայն  աղջիկը դա երբեք չէր տեսնում. նա միշտ քնած էր լինում: Այդպես, առաջինը միշտ Ֆին էր արթնանում, հետո` Ֆան, վերջում` Ֆեն: Ապա երեքով թեյ էին խմում: Նրանց ինչ-որ անգլիական խաղալիքների խանութից էին գնել, դրա համար էլ միշտ թեյ էին խմում: Դե գիտեք, որ անգլիացիները շատ են թեյ օգտագործում:
Թեյից հետո Ֆան երգում էր մյուս երկուսի համար: Իզուր չէր անունը «ֆա», երաժշտական նոտայի նման: Ֆեն էլ ակնոցների տակից ժպտում էր ու ձայնակցում:
Ու երբ գալիս էր առավոտը, ու նրանք պետք է քնեին, Ֆին հեքիաթ էր կարդում նրանց համար: Դրանք նա տեղում էր հորինում: Դե, մեկ-մեկ այդքան էլ լավ չէր ստացվում, բայց Ֆեն ու Ֆան արդեն քնած էին լինում ու կեսից արդեն չէին լսում: Երբ վերջացնում էր, գնում էր եղբայրների կողքը պառկում ու քնում:

Փոքրիկ աղջիկն արդեն վաղուց փոքրիկ չէ, բայց նա այդպես էլ չիմացավ, որ իր խաղալիք փղերը գիշերը կենդանանում էին: 

հեքիաթի հեղինակ՝ Մանան
նկարազարդումը՝ Մանանի