Երբ քայլում էր երկար
փողոցով, միշտ հիշում էր 15/1 շենքի 3-րդ հարկի կապույտ վարագույրներով պատուհանի տղային:
Նա էլ էր երկար փողոցի վրա ապրում. դե պատկերացրեք այդ փողոցում 17 հատ շենք կար, այ
այդքան երկար էր: Այդ շենքի բոլոր պատուհանների վարագույրները սպիտակ էին, միայն նրանց
տան վարագույրն էր կապույտ: Այ քեզ տարօրինակ բան, ով է տեսել կապույտ վարագույր:
Ինչևէ, այդ տարօրինակ
տան մեջ ապրում էր մի տարօրինակ տղա: Նա միշտ կարճ տաբատով էր ու գծավոր գլխարկով:
Բոլոր երեխաները գնդակ էին խաղում, իսկ նա միշտ մի մեծ գիրք գրկած էր իջնում բակ: Դա
մի նկարազարդ գիրք էր բաբանաների մասին: Թե ովքեր էին բաբանաները, միայն նա գիտեր ու
ոչ մեկին չէր ասում: Բայց բոլորը բակում գիտեին, որ նա հիմա բաբանաների նկարներ է նայում
իր մեծ գրքում:
Մի օր բակի տղաները որոշեցին
խլել նրանից գիրքը, որ տեսնեն, թե ովքեր են բաբանաները: Նրանք մոտեցան տղային, և տղաներից
ամենաուժեղը ուղղակի վերցրեց նա ձեռքից այդ գիրքը: Բայց խլելու պահին, գիրքը կտոր-կտոր
եղավ, բաժանվեց թերթերի: Այդ պահին ուժեղ քամի բարձրացավ և քշեց գրքի թերթերը, և բակի
տղաներն այդպես էլ չիմացան, թե ովքեր են բաբանաները:
Իսկ տղան այլևս բակ չէր իջնում.
չէ՞ որ նա հատուկ իջնում էր, որ բաբանաներով լի գիրքը նայելու, իսկ հիմա գիրքը չկա: Հետո տղայի ընտանիքը տեղափոխվեց այդ շենքից, իսկ
վարագույրները փոխվեցին սպիտակներվ. բա ո՞վ է տեսել` վարագույրը կապույտ լինի: Հեքիաթի աուդիո տարբերակը.
հեքիաթի հեղինակ՝ Մանան
նկարազարդում՝ Մանանի
կարդում է՝ Մանանը
No comments:
Post a Comment