Friday, August 2, 2013

Խաղալի՞ք, թե՞ իսկական

Մի օր խաղալիք ընձուղտը հայտնվեց Աֆրիկայում: Նրան այդտեղ մի աֆրիկացի փոքրիկ տղա էր տարել: Այդքան տարօրինակ կենդանի խաղալիք ընձուղտն առաջին անգամ էր տեսնում. մե~ծ ականջներ, երկար քիթ, սուր ատամներ, գծեր, պուտեր ու գզգզված մազեր:
Այդ տարօրինակ բաները տեսնելուց հետո ուղղակի երջանկություն էր տեսնել իր նման երկար վիզ, շագանակագույն պուտեր, կարճ ոտիկներ: Կարծես նույն խաղալիք ընձուղտը լիներ,  ուղղակի շա~տ մեծ:
-Բարև Ձեզ, Դուք խաղալիք ընձուղտ եք, չէ՞,- հարցրեց նա այդ մեծ կենդանուն:
-Այո, ես ընձուղտ եմ, բայց խաղալիք չէ` իսկական,- պատասխանեց նա:
-Իսկակա՞ն: Այդ ինչպե՞ս,- զարմացավ խաղալիքը:
-Այդպես, ես շնչում եմ, իսկ դու` ոչ, ես խոտ եմ ուտում, իսկ դու` ոչ, քո մեջ բամբակ է, իսկ իմ մեջ միս ու ոսկոր,- փորձեց բացատրել իսկական ընձուղտը:
-Հա~, հասկացա, բա ինչու՞ եք այդքան մեծ:
-Որ ծառի բարձր ճյուղերից համեղ տերևներ ուտեմ: Ասեցի չէ, մենք տերև ենք ուտում: Ուզու՞մ ես հյուրասիրեմ:
-Չէ, շնորհակալություն, ես տերև չեմ ուտում: Խաղալիքներն առհասարակ չեն ուտում, մանավանդ փափուկները,- ասաց խաղալիքը:
Այստեղ լսվեց աֆրիկացի տղայի լացը: Նա մտածում էր, թե կորցրել է իր խաղալիքը:
-Լավ, ես գնամ տղայի մոտ, նա արդեն անհանգստանում է, մենք կրկին կհանդիպենք, չէ՞,- հարցրեց խաղալիք ընձուղտը:
-Իհարկե կհանդիպենք,- ժպտաց իսկական ընձուղտը:
-Ցտեսությու~ն:

հեքիաթի հեղինակ՝ Մանան
նկարազարդումը՝ Մանանի


No comments:

Post a Comment