- Դու եղե՞լ ես կենդանաբանական այգում:
- Եղել եմ:
- Առյուծին տեսա՞ր:
- Կնճիթո՞վ:
- Չէ, կնճիթովը փիղն է, առյուծն ուրիշ է:
- Ա~, երկու սապատով:
- Չէ´, վա´յ: Բաշո´վ:
- Հա~: Հա, լավ, հասկացա, բաշով, ու սենց
կտուցով:
- Այ մարդ, ի՞նչ կտուց: Ժանիքներով:
- Դե հա, ժանիքներով ու թևերով:
- Չէ, դա առյուծ չէ:
- Բա ո՞վ է:
- Դա չգիտեմ: Առյուծը դեղին է:
- Դե հա, դեղին, համարյա մոխրագույն:
- Չէ, ավելի շուտ` համարյա կարմիր:
- Հա, հա, հա, պոչով:
- Դե հա, պոչով ու ճանկերով:
- Գիտե´մ: Ճանկերն էլ` թանաքամանի չափ:
- Դրանից ի՞նչ առյուծ: Ավելի շուտ` մու´կ է:
- Ի՞նչ ես խոսում: Մուկը թևերով չի լինում:
- Բայց սա թևերո՞վ է:
- Դե հա´:
- Ուրեմն` թռչուն է:
- Տե՞ս, տե´ս: Ես էլ եմ մտածում, որ թռչուն է:
- Ես քեզ առյուծի մասին էի ասում:
- Ես էլ` առյուծ-թռչունի:
- Ախր, առյուծը թռչու՞ն է:
- Ինձ թվում է` թռչուն է: Մեկ էլ անընդհատ
ճռվողում է` «Տիրլի-տիրլի, ծյուծ, ծյուծ, ծյուծ»:
- Մի րոպե´: Մոխրագույն ու դեղի՞ն:
- Այո-այո, մոխրագույն ու դեղին:
- Կլոր գլխիկո՞վ:
- Հա, կլոր գլխիկով:
- Ու թռչու՞մ է:
- Ըհը, թռչում է:
- Ուրեմն տես, թե ինչ կասեմ. տարինոս է:
- Դե իհա´րկե: Ճի´շտ է, տարինոս է:
- Իսկ ես առյուծից էի հարցնում:
- Դե, առյուծ չեմ տեսել:
Դանիիլ Հարմս
թարգմանությունը՝ Եվա Մարտիրոսյանի
նկարազարդումը՝ Մանանի
No comments:
Post a Comment