Monday, September 30, 2013

Օլին ու Քոլին


Հիմա կասեք, էլի սկսեց էս աղջիկը: Ախր, ո՞նց չսկսեմ: Եթե ձեր աչքի մեջ էլ փղեր ապրեին, դուք չէի՞ք սկսի: Ըհը՜, կարծես հետաքրքրեց, հը՞ն: Լա՜վ, լավ , կպատմեմ նրանց մասին:
Ուրեմն, մի օր ես հայտնաբերեցի, որ իմ աչքերի մեջ ինչ-որ կենդանիներ կան: Ես շատ պատահական դա հայտնաբերեցի: Ուղղակի մի օր զգացի, որ աչքիս մեջ ինչ-որ բան է մտել, ինչքան փորձեցի հանել, դուրս չեկավ, ավելի ճիշտ ինձ թվաց, թե դուրս եկավ, որովհետև, այլևս չէր ծակում: Սակայն այդպես չէր, որովհետև հաջորդ օրը կրկին սկսեց ծակել: Այ քեզ բան, այն էլ մի աչքը չի, այլ երկուսը, ճիշտ է , հերթականությամբ, մի օր մեկը, հետո մյուսը: Ես էլ դրած տրորում էի աչքերս , որ դուրս գան:
Մեկ էլ մի օր ձախ աչքս շատ սկսեց ծակել, տրորեցի, տրորեցի, չանցավ, էլի տրորեցի, էլի չանցավ, ջղայնացա, և հայելի բերեցի, որ տեսնեմ, թե ինչ է ընկել աչքիս մեջ, որ դուրս չի գալիս: Այդպես ես ծանոթացա Օլիի հետ: Օլին մի ժանիքանի փիղ էր, միայն ձախ ժանիքն էր , դրա համար էլ երևի ձախ աչքումս էր: Հա, մի զարմացեք, Օլին իմ ձախ աչքում էր ապրում, ու երբ տան մեջ (դե աչքիս մեջ, էլի) ման էր գալիս, քայլում էր, ասենք, գնում էր զուգարան, նա իր ժանիքով ծակում էր աչքս: Չէ, նա դիտմամբ չէր անում, այլ այդպես ստացվում էր: Օլին այն փղերից էր, որ լուրջ են լինում, մի մե՜ծ գրադարան ուներ աչքիս մեջ ու ամեն օր գրքեր էր կարդում, աշխատություններ էր գրում, մի խոսքով պրոֆեսոր փիղ էր:
Իսկ հետո, երբ Օլին տեսավ, որ ես նրան շատ լավ եմ վերաբերվում, բարի եմ և այլն, նա ծանոթացրեց իր փոքր եղբոր ` Քոլիի հետ, ով նույնպես մի ժանիքանի փիղ էր, և ապրում էր իմ աջ աչքում, որովհետև նրա աջ ժանիքը կար միայն: Քոլին Օլիի նման չէր, նա գրքեր չէր սիրում, այլ սիրում էր թղթից նավակներ պատրաստել ու արցունքներիս վրա քշել այդ նավակները: Քոլին շատ բարի էր և մեծ սիրտ ուներ, հա, այնքան մեծ, որ հազիվ էր տեղավորել կրծքի մեջ:
Ես մի օր հարցրեցի Քոլիին, թե որտեղի՞ց են նրանք եկել և ինչու՞ են հենց իմ աչքերի մեջ ապրում: Եվ Քոլին պատմեց, որ իրենց ցեղի փղերը ապրում են մարդկանց աչքերի մեջ, ու երբ լրանում է նրանց մի տարին, նրանք փնտրում են մարդկանց և տեղավորվում նրանց աչքերի մեջ: Իսկ թե ինչու հենց իմ, նա պատասխանեց, որ Օլին մեծ մարմին ունի և ամեն մեկի աչքերի մեջ չէր տեղավորվի, իսկ քանի որ ես կարճատես եմ, իմ աչքերի մեջ լիքը տեղ կար, դրա համար էլ եկել են ինձ մոտ (չգիտեմ՝ դա ինչ կապ ուներ):
Ես այնքան ընկերացա ու սիրեցի նրանց, որ ամեն անգամ , երբ աչքս ծակում է, չեմ տրորում, բա հո չեմ ճզմելու Օլիին կամ Քոլիին, այլ սպասում եմ, երբ նրանք կավարտեն իրենց գործերը և հանգիստ կնստեն, իսկ եթե երկար են ծակում, ասենք, Քոլլին որոշել է պարել այդ օրը, ես ուղղակի նրանց խնդրում եմ փոքր-ինչ արագացնել. չէ՞ որ դրանք իմ աչքերն են ամեն դեպքում, և ես իրավունք ունեմ նրանցից օգտվելու նույնքան, որքան իրենք:
Բա՜, զգույշ տրորեք ձեր աչքերը, գուցե դուք էլ ուրիշ փղերի եք տրորում:

Հեքիաթի աուդիո տարբերակը. 




հեքիաթի հեղինակ՝ Մանան
նկարազարդում՝ Մանանի
կարդում է՝ Մանանը



No comments:

Post a Comment