Friday, June 28, 2013

Ֆի, Ֆա ու Ֆե փղերը

Փոքրիկ աղջկա դարակում լիքը խաղալիքներ կային: Դրանցից հինգը փափուկ էին` երեք փիղ, մեկ արջուկ և ինչ-որ տարօրինակ կենդանի: Փղերը եղբայրներ էին: Աղջիկը նրանց անվանել էր  Ֆի, Ֆա ու Ֆե: Ֆին գլխարկ ուներ, Ֆան` շարֆ, իսկ Ֆեն` ակնոց:
 Այս փղերը խաղալիքների այն տեսակից էին, որ գիշերները կենդանանում են: Միայն  աղջիկը դա երբեք չէր տեսնում. նա միշտ քնած էր լինում: Այդպես, առաջինը միշտ Ֆին էր արթնանում, հետո` Ֆան, վերջում` Ֆեն: Ապա երեքով թեյ էին խմում: Նրանց ինչ-որ անգլիական խաղալիքների խանութից էին գնել, դրա համար էլ միշտ թեյ էին խմում: Դե գիտեք, որ անգլիացիները շատ են թեյ օգտագործում:
Թեյից հետո Ֆան երգում էր մյուս երկուսի համար: Իզուր չէր անունը «ֆա», երաժշտական նոտայի նման: Ֆեն էլ ակնոցների տակից ժպտում էր ու ձայնակցում:
Ու երբ գալիս էր առավոտը, ու նրանք պետք է քնեին, Ֆին հեքիաթ էր կարդում նրանց համար: Դրանք նա տեղում էր հորինում: Դե, մեկ-մեկ այդքան էլ լավ չէր ստացվում, բայց Ֆեն ու Ֆան արդեն քնած էին լինում ու կեսից արդեն չէին լսում: Երբ վերջացնում էր, գնում էր եղբայրների կողքը պառկում ու քնում:

Փոքրիկ աղջիկն արդեն վաղուց փոքրիկ չէ, բայց նա այդպես էլ չիմացավ, որ իր խաղալիք փղերը գիշերը կենդանանում էին: 

հեքիաթի հեղինակ՝ Մանան
նկարազարդումը՝ Մանանի

No comments:

Post a Comment